Եզոպոսն ասում էր` ամեն մարդ ունի իր գործը, ամեն գործ` իր ժամանակը: Բայց չէր ասում, երևի չգիտեր, ինչպե՞ս ու ե՞րբ է մարդը գտնում իր գործը և չի՞ սխալվում իրենը համարելով գործը, որ անում է, կամ իրենը չհամարելով գործը, որ չի անում: Գայոս Հուլիոս Կեսարն ավելի կտրուկ էր գործի մասով` կամ՝ Կեսար, կամ` ոչինչ: ՈՒ` ի՞նչ: Ձեզ զգու՞մ եք Եվրոպայի ճանապարհին, ուր ուղարկում են ռուսական OPT-ն, PTP-ը, HTB-ն, «Զվեզդան»: Ո՞չ: Ճիշտ եք անում: Նրանց ճանապարհով ոչ մի տեղ չեք հասնի: Մենք ունենք մեր ճանապարհը` երկար-բարակ, աջ ու ահյակ` և/և, կամ/կամ, և/կամ, ու` այդպես: Մենք բոլորի հետ ենք ու ամեն ինչի համաձայն ենք: Իսկ ընդհանրապես` համագործակցելը մրցակցելուց զիլ է: Եթե հնարավոր է: Պետք չէ հակադրել ԵԱՏՄ-ն ԵՄ-ին, առավել ևս, որ ստորագրված համաձայնագրերը համարժեք չեն: Հետխորհրդային տարածքն արևելյան գործընկերություն անվանելն իրավիճակ չի փոխում: Իրավիճակը այսպիսին է.
1. ԵՄ-ն նշանակում է տնտեսության դիվերսիֆիկացիա, կոռուպցիայի դեմ իրական քայլեր, նոր տեխնոլոգիաներ, ներդրումներ, առանց վիզայի այցեր Շենգենի գոտի, տրանսեվրոպական տրանսպորտային ցանց, դատաիրավական համակարգի անկախացում, ժողովրդավարության զարգացում: Ռուս փորձագետները Հայաստանի համար մեծ վախով գրում են, որ այդ քայլերը հանգեցնելու են իշխանափոխության: Հայտնի չէ` ինչի՞ց ու ինչու՞ են վախենում կամ վախեցնում. ընտրություններով իշխանափոխությունը բնական գործընթաց է: ԵՄ-ում: Եթե հանկարծ, պատահաբար, անակնկալ, չարամտորեն, սխալմամբ, երբևէ, մեկ էլ տեսար Հայաստանի ընտրություններում իշխանափոխություն լինի, տագնապի կոչնակ է եվրասիական տարածքի համար: Պատկերացնու՞մ եք Լուկաշենկոյի, Նազարբաևի ու Պուտինի դեմքերը, երբ նրանց անվտանգ հեռավորությունից տեղեկացնում են, որ Հայաստանում իշխանափոխություն է եղել` հակառակ Կրեմլի ծովածավալ գործունեության, ու սպասվում են լուրջ բանակցություններ նոր իշխանության հետ, որ հաստատ կպահանջի գործընկերային հարաբերություններ: Իբրև սկիզբ: Իսկ ընթացքը Աստված գիտի` ու՞ր կտանի:
2. ԵԱՏՄ-ն նշանակում է 2018-2020-ին անշեղ թանկացումներ` սպառվում է ՀՀ-ին անդամակցելիս տրված արտոնությունների ժամկետը: Թանկանում է առաջին անհրաժեշտության արտադրանքի 900 տեսակ, 759-ը կթանկանա 2018-ի հունվարից: Անցնում ենք ռեալ անդամության: ՈՒ դա դեռ սկիզբն է:
3. Եթե ԵՄ Արևելյան հարևանության ծրագրում կան տարբեր արագություններ, ԵԱՏՄ-ում կան տարբեր նպատակներ: Մոսկվայի համար ԵԱՏՄ-ն քաղաքական կառույց է` ի հակակշիռ ԵՄ-ի, որի հետ հարաբերությունները 2012-ին պարզվեց` չեն ստացվում, իսկ 2014-ից վերածվեցին պատժամիջոցների պատերազմի: Աստանայի համար, որ Ռուսաստանի հետ երկար սահման ունի, տնտեսական կառույց է` մաքսատուրքերից ու հարկերից ազատվելու համար: Մինսկի համար չգործող Ռուսաստան-Բելառուս միության ընդլայնված տարբերակն է, որ թույլ է տալիս շանտաժով (ասենք` Բատկան չի ստորագրի ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը` մինչև չլուծի գազի սակագնի զեղչերի հարցը) ստեպ-ստեպ Պուտինից արտոնություններ ու զիջումներ պոկել: Հայաստանը, ինչպես ասում էր, բայց մոռացավ Տիգրան Սարգսյանը, ԵԱՏՄ-ի հետ սահման չունի, և ամբողջ շարք արտոնություններ չեն գործում: Փոխարենը գործում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները` ոչ միայն տրանսֆերտների նվազումով, այլև ՌԴ-ում աշխատատեղերի սահմանափակումով, ՀՀ-ում ներդրումների բացակայությամբ:
4. Եթե ԵԱՏՄ-ն հրապարակում է իր կարգախոսը` ապրանքների, ծառայությունների, մարդկանց ազատ տեղաշարժ, և ժամանակին մենք պարծանքով փաստում էինք` արտոնություններ ենք ստացել ՌԴ-ում հայ աշխատանքային միգրանտների համար (հայ վարորդների վարորդական իրավունքի ճանաչման համար պայքարն էլ հետը), ԵՄ-ն գերակա է համարում տնտեսության զարգացումը և աշխատատեղերի ստեղծումը տեղում ոչ թե 7 սարից ու 7 ծովից այն կողմ: ԵՄ նպատակը դիվերսիֆիկացնելն է էներգետիկան, որ տնտեսությունը տեղից շարժի:
5. ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակում է Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները` հարևանի տարածքից Հայաստան մտնող բեռները հարկվում են ԵԱՏՄ կանոններով կամ չեն համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին: «Գազպրոմի» մոնոպոլիան Հայաստանում վիճարկելու կամ Հայաստանի տարածքով Իրանից Եվրոպա գազի տարանցման խնդիրը (նոյեմբերի 28-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հարցը նորից բարձրացրեց Երևանում և անհայտ մնաց` ի՞նչ պատասխան ստացավ) Մոսկվան բարեհաջող ձախողում է: Ինչպես ձախողվում են թե Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում թունելի կառուցումը, թե վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկումը, որի մասին 2013-ին, երբ Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը, խոսում էին իբրև 1-2 տարվա խնդրի` այն էլ ենթակառուցվածքները աշխատանքային վիճակի բերելու համար:
6. Պաշտոնապես ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի ռազմական դաշինքն է (ինչպես ՆԱՏՕ-ն` ԵՄ-ի) և պիտի ապահովի ԵԱՏՄ անդամների անվտանգությունը: Իր ստեղծման օրից ՀԱՊԿ-ը որևէ ռազմական գործողության չի մասնակցել և ՄԱԿ-ից չի ստացել անգամ խաղաղապահի մանդատ: Ինչպես իրեն դրսևորեց ՀԱՊԿ-ը ապրիլյան պատերազմի օրերին, հրաշալի ի ցույց դրեց ՀՀ նախագահը, երբ ՀԱՊԿ նախագահների հանդիպմանն ասում էր, որ չստացավ նույնիսկ մեկ զանգ Լուկաշենկոյից ու Նազարբաևից: Փոխարենը նրանք արագ աջակցություն հայտնեցին Իլհամ Ալիևին: Ռուսաստանն ու Բելառուսը միմյանց հետ մրցակցելով` սպառազինում են Ադրբեջանին: Ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը զենք չեն վաճառում կոնֆլիկտի կողմերին: Հակառակ Ալիևի ջանքերի` ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ վեհաժողովի հռչակագրում չհայտնվեց կոնֆլիկտների լուծման մեջ տարածքային ամբողջականության սկզբունքը (թեպետ եղել էր Կատալոնիայի հանրաքվե, թեպետ Վրաստանն ու ՈՒկրաինան պնդում էին): Միայն ԵԱՀԿ խորհրդի նիստում` ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարություններից հետո, Վիեննայում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ասաց, որ ՌԴ-ն կողմ է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը (թեպետ Սանկտ Պետերբուրգում Վիեննան չէր քննարկվել)` Բաքվին փաստի առաջ դնելով: Ինքներդ որոշեք` որքանո՞վ է ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավոր (հատկապես երբ ՌԴ-ն Թուրքիային C-400-ներ է վաճառում): Պե՞տք է դիվերսիֆիկացիա անվտանգության հարցում, պե՞տք է միայն Ռուսաստանից վարկ վերցնել ու զենք գնել, երբ Հայաստանին պատրաստ են զենք վաճառել Չինաստանն ու Իսրայելը (վարկը վարկ է, որակը չի զիջում): Ե՞րբ պիտի Հայաստանը սեփական ռազմական արդյունաբերություն ունենա, ոչ թե այլ պետությունների հարստացնի:
7. Երբ ՌԴ Սահմանադրական դատարանը որոշում է, որ ՌԴ տարածքում ՌԴ օրենքները գերակա են ԵԱՏՄ օրենքներից, ԵԱՏՄ պետությունները համարժեք որոշում ընդունելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ: Եթե այո, ինչու՞ չեն ընդունում` պաշտպանելու իրենց քաղաքացիների ու ապրանքների իրավունքները ԵԱՏՄ տարածքում: Եթե ոչ, ինչու՞ պիտի ԵԱՏՄ մեկ երկրի օրենքները միության օրենքներից գերադասվեն և հակասությունների պարագայում ՌԴ-ում գործի ՌԴ օրենսդրությունը: Որքանո՞վ է դա բխում ԵԱՏՄ շահերից: Օրինակ` երբ սեփական արտադրությունը զարգացնելու նպատակով` ՌԴ-ն որոշում է ընդունում 2018-ի հուլիսի 1-ից սահմանափակել չհարկվող օնլայն առևտուրը` 1000 եվրոյից 20 եվրոյի, տարածվելու՞ է արգելքը ԵԱՏՄ տարածքում: Ո՞ր դեպքում և ե՞րբ է Հայաստանը ԵԱՏՄ-ում օգտագործելու վետոյի իրավունքը: Երբ Բաքուն անդամակցության հա՞յտ ներկայացնի: Բաքուն երբեք գաղտնիք չի դարձրել, որ որևէ կառույց իրեն պետք է միայն Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը իր սցենարով ստանալու համար (ժամանակին այդ նպատակով ՀԱՊԿ մտավ ու դուրս եկավ Հեյդար Ալիևը), Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ին էլ Հայաստանի պատճառով անդամակցեց և պատրաստ է դուրս գալ, եթե ԵԽԽՎ-ն չի սատարում ԼՂ հարցի լուծմանը: Որևէ տնտեսական հետաքրքրություն Ադրբեջանի համար ԵԱՏՄ-ն չունի (առավել ևս, որ Բաքուն ու Մոսկվան մրցակիցներ են Եվրոպա նավթի ու գազի արտահանման գործում, Մետաքսի մեծ ճանապարհը Եվրոպա իրենց տարածքով անցկացնելու հարցում), Ադրբեջանը երկկողմ համագործակցության համաձայնագրեր ունի Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի հետ: ԵԱՏՄ-ն նրան պետք է Մոսկվայի աջակցությունը ստանալու համար իր երազած սուբստանտիվ բանակցություններում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում էլ, Երևանում էլ հաստատեց` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միասին են գործում, այսինքն` վերջ սեպարատ բանակցություններին: Մի երազեք «Լավրովի պլան»: Ճիշտ է` տեղնուտեղը Բաքուն շրջանառության մեջ դրեց «Պուտինի պլանը», բայց Էրդողանն էլ հայտարություններից հետո արդյունքների մասին չի խոսում: Երբ նրանից հույսը կտրած` Ալիևը փորձեց ՆԱՏՕ-ից աջակցություն ստանալ, Ենս Ստոլտենբերգը ուղարկեց ԵԱՀԿ Մինսկի խումբ և հանրամատչելի բացատրեց, որ հարցը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Իսկ քաղաքական հարցե՞րը: Ավելի ճիշտ` ներքաղաքական: 2018-ին` վարչապետի մասով: Տրամաբանորեն հարցը փակված է` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր կամքով Սահմանադրության փոփոխությունից առաջ ասաց, որ ոչ նախագահ, ոչ վարչապետ չի դառնալու: Բայց դա ե՞րբ էր: 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, դարձյալ իր կամքով, «Ազատությանը» ասաց, որ չի պատկերացնում, երբ պատկերացնի` կասի: Այսինքն` միտքը փոխել է: Կամ մոռացել է` ինչ է ասել: Կամ ուզում է` հիշողները մոռանան: Կամ հավատացել է որոշ կուսակիցների, որ ոչ ոք իրենից բացի իր գործը չի անի: Չի կարող: Իրավունք չունի: Երկիրը կկործանվի: Իրենք էլ հետը: Ռուսաստանի հետ նա հարցեր չունի (եթե ուներ), Կարեն Կարապետյանը վարչապետության 1 տարի 2 ամսում ԵԱՏՄ տարածքից միայն մեկ անգամ ոտքը դուրս դրեց` հարևան Իրան, և հմտորեն ու անվերապահ պաշտպանեց ռուսական շահը տնտեսության բոլոր ոլորտներում, բայց Պուտինը գործընկերներին չի փոխում (քանի՞ տարի է Մեդվեդևը կողքին): Կարեն Կարապետյանը մնաց նախնական պայմանավորվածության սահմաններում` զբաղվել տնտեսությամբ ու քաղաքականություն չմտնել (1-2 հայտարարությունը, որ ինքը Սերժ Սարգսյանին համոզողներից չէ` վարչապետ դառնա, որ ինքը պատրաստ է վարչապետ լինել 2018-ից հետո, քաղաքական չէին` հայտարարությանը որևէ քայլ չհաջորդեց), և հիմա ունի 2 ճանապարհ. մնալ փոխվարչապետ (բոլորովին էլ ոչ առաջին` փոխվարչապետները հավասար իրավունքներ են ունենալու) կամ գնալ տուն` հանգիստ քնելու գիշերները, ցերեկներն էլ զբաղվելու որևէ թեթև գործով, բայց ոչ Հայաստանում: Նրան չեն համոզի մնալ: ԵԱՏՄ-ում ոսկե ավանդույթ է` նախագահներից ոչ ոք իր կամքով իշխանությունը չի թողնում, բոլորին ընտրում ու ընտրում են` ինչքան ընտրող կա (Ալմազբեկ Ատամբաևը բացառություն էր` Բիշքեկը նոր է անդամակցել ԵԱՏՄ-ին ու այնքան էլ երջանիկ չէ): Պատկերացնու՞մ եք Ղազախստանն առանց Նուրսուլթան Աբիշևիչի, Բելառուսը` առանց Ալեքսանդր Գրիգորևիչի, Ռուսաստանը` առանց Վլադիմիր Վլադիմիրովիչի: Եվրասիական մենթալիտետը պահանջում է հարգանք ակսակալների նկատմամբ, իսկ ժողովրդավարական ընտրությունները հնարել է Արևմուտքը, որ ուզում է քայքայել ԽՍՀՄ-ը: ԽՍՀՄ-ն արդեն չկա՞: Ո՞վ ասաց: Անունն է փոխել: Բայց փաստ է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրից հետո ԵՄ-ն էլ կտխրի առանց Սերժ Սարգսյանի, այսինքն` չի առարկի նրա մնալուն: Նա, այնուամենայնիվ, Մերկելը չէ, որ վատ կոալիցիայից նոր ընտրություններ է գերադասում: Եվ Սերժ Սարգսյանին կտրվի Ազգային համաձայնության կառավարությունը գլխավորելու պատիվը (Գագիկ Ծառուկյանի աչքը լույս` կպարզի, թե «Գազպրոմի» հետ համաձայնագիրը ինչպես ԱԺ-ն ընդունեց և ում շնորհիվ, բայց լրիվ կմոռանա «Գազպրոմին» էլ, գազն էլ): ՈՒ` ի՞նչ: Ոչինչ: Եզոպոսին լավ չեք հասկացել: Կեսարինը` Կեսարին, իսկ մնացածը` դուք էլ գիտեք: